Պատասխանատու է իշխող ռեժիմը. Լևոն Զուրաբյան
ՔաղաքականԻշխանություններն առաջնահերթությունների մասին իրենց պատկերացումների սահմաններում ձևավորել են աշնանային նստաշրջանի մի օրակարգ, որում, միգուցե, ընդգրկված են կարևոր հարցեր, բայց կա մի հարց, որն արտացոլված չէ ներկայացված օրակարգում: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Վերջինիս նշեց, որ այդ հարցը վերաբերում է արտագաղթին:
«Այն Հայաստանի գոյության, անվտանգության համար այսօր ամենաճակատագրական հարցն է, այնքան կարևոր, որի բացը լրացնելու համար մենք պահանջում ենք ԱԺ նախագահից, օգտագործելով կանոնակարգի մասին օրենքի 18-րդ կետով տրված լիազորությունները, անհապաղ հրավիրել ԱԺ լսումներ այդ անհետաձգելի հարցով: Այս առաջարկն անում եմ նաև քառյակի անունից: Խոսքն աղետալի չափերի հասնող լայնածավալ արտագաղթի մասին է: Երկրից, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2008-2013թթ. 212 000 մարդ է հեռացել: Հայաստանի ամբողջ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խաղաղ պայմաններում բնակչությունն արտագաղթում է: Երկրի քաղաքական ուժերը պարտավոր են բաց քննարկումներ սկսել արտագաղթի և նրա հաղթահարման շուրջ: Մենք՝ ՀԱԿ-ը, իհարկե կասկած չունենք, որ նման իրավիճակի համար պատասխանատու է իշխող ռեժիմն իր համատարած կոռուպցիայով և անարդարություններով, բայց մենք պատրաստ ենք բաց քննարկումների, և եթե դուք խնդրի առթիվ ասելու որևէ բան ունեք՝ եկեք բաց խոսակցություն սկսենք մեր ժողովրդի հետ՝ Հայաստանը դատարկելու վտանգից փրկելու նպատակով»,- ասաց Զուրաբյանը:
Վերջինիս արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ասելով. «Ժողովրդի հետ մենք շփվում ենք առանց միջնորդների»: