Աֆղանստանի նախագահի թեկնածուն հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները
ԱշխարհԱֆղանստանի նախագահի պաշտոնի թեկնածու Աբդուլա Աբդուլան հրաժարվել է ճանաչել հունիսի 14-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ երկրի արտաքին գործերի նախկին նախարարը հանդես է եկել Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ ձայների հաշվարկն ավարտված է, բայց «մինչ այժմ անհայտ է մնում ավելի քան 1 մլն ընտրական քվեաթերթիկների ճակատագիրը»:
«Հենց սկզբից մրցակիցները համոզված էին, որ մենք տանուլ ենք տալու,-նշել է թեկնածուն: -Ընդսմին ընտրական հանձնաժողովը ձգտում էր թաքցնել բազմաթիվ խախտումների ու կեղծումների վկայությունները»:
«Մեր օրինական պահպանջները նույնպես փաստորեն անտեսվում էին: Այդ կապակցությամբ մենք չենք կարող ճանաչել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Այլապես դա կլինի Աֆղանստանի ժողովրդի շահերի դավաճանություն»,-հավելել է Աբդուլան, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: