Հայտնի է քառյակի հանրահավաքի օրն ու տեղը. ՀՅԴ-ն չի մասնակցի հանրահավաքին
ՔաղաքականՍահմանադրական բարեփոխումների հարցում քառյակում տարաձայնություններ կան:
ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը հոկտեմբերի 10-ին հանրահավաք կանցկացնեն: ՀՅԴ-ն չի մասնակցի հանրահավաքին: Այս մասին քառյակի հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի տեսակետը հակասում է քառյակի մյուս ուժերի տեսակետին, իսկ հանրահավաքի ընթացքում իրենք չեն կարող շրջանցել Սահմանադրական բարեփոխումների հարցը:
«Քանի որ մենք այս հարցը չէինք կարող շրջանցել, ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել հանրահավաքին: Դա իրենց որոշումն է, և մենք հարգում ենք այդ որոշումը: Ցանկալի կլիներ, որ նրանք մեզ հետ լինեին, մասնակցեին հանրահավաքին և մարզային այցելություններին, սակայն իրենք այդպես են որոշել»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ ինտրիգներ փնտրել պետք չէ. քառյակը շարունակում է գործել ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ ուժերը համաձայության են եկել և առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ:
Նշենք, որ հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում ժամը 18:00-ին: