«Կոսովոյի՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները միայն վերջինիս գոյության հիշեցումն են». Պուշկով
ԱշխարհՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները, որոնք հայտարարել է Կոսովոյի Ինքնահռչակ Հանրապետությունը, միայն ժպիտ կարող են առաջացնել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովին:
«Մեր նկատմամբ Կոսովոյի հայտարարած պատժամիջոցները միայն ժպիտ կարող են առաջացնել: Երևում է, որ այս ճանապարհով նրանք որոշել են իրենց գոյության մասին հիշեցնել»,- Պուշկովն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Հինգշաբթի հայտնի դարձավ, որ Կոսովոյի Ինքնահռչակ Հանրապետությունը միանում է Միացյալ Նահանգների և Եվրամիության Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված: Ինքնահռչակ Հանրապետության կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, այդ որոշումը կայացվել է միջազգային հետաքրքրություններից ելնելով:
Ռուսաստանի և Կոսովոյի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ Պրիշտինայում գործող ռուսական դիվանագիտական գրասենյակը Բելգրադի դեսպանատան ստորաբաժանումն է: Բացի այդ, Կոսովոյի ալբանացիները չեն կարող իրենց սեփական միջոցներով պաշտոնապես ապրանք մատակարարել Ռուսաստանի տարածք: