«Սեր է հորդում Վարուժանի գործերից». Հրանուշ Հակոբյան
Գիտություն և ՄշակույթՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակում բացվեց ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը: «Խաղաղության արվեստ» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ողջունի խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով նշեց, որ այսօր մեկնարկում է Հայրենիք-Սփյուռք համաժողովի մշակութային հատվածը, որը բացվում է նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի ցուցահանդեսով: «Վարուժան Հեճինյանը բացել է մի հոյակապ ցուցահանդես, որը դուք կտեսնեք և կհամոզվեք, որ ունենք շատ տաղանդավոր հայեր, որոնցից մեկը մեր Վարուժանն է: Եվ հետաքրքիրն այն է, որ երբ նա ծնվել է` նրան կոչել են Դանիել Վարուժան, և ինքը այդ անվանը հավատարիմ` դարձավ նկարիչ. եթե Դանիել Վարուժանը մեր ցավը ներկայացրեց գրչով, ապա Դանիել Վարու ժան Հեճինյանը մեր ցավը ներկայացնում է վրձնով: Բայց ամենակարևորը, որ ցեղասպանությունից զատ, նա կարողանում է իր պաստառներով և նկարներով աշխարհին զարմացնել և ստիպել հաշվի նստել մեր արվեստի հետ: Դանիել Վարուժանի աշխատանքներում սեր կա: Եվ ինչպես Ներսես Շնորհալին էր ասում՝ «Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդականում, սեր` ամեն ինչում»: Սեր է հորդում Վարուժանի գործերից»,- նշեց Հրանուշ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին ցուցահանդեսին մասնակցելու համար:
Դանիել Վարուժան Հեճինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրեն աջակցել են հայրենիքում ցուցահանդեսը կյանքի կոչելու հարցում:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով Հրանուշ Հակոբյանի և Դանիել Վարուժան Հեճինյանի և Հայրենիք-Սփյուռք համաժողովի մասնակիցների ուղեկցությամբ շրջեց ցուցահանդեսի սրահում, ծանոթացավ նկարչի գործերին և դրանց նշանակությանը: