Քեմերոնը խոստացել է ավելի լայն լիազորություններ տրամադրել Շոտլանդիային
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շոտլանդացի ազգայնականներին առաջարկել է մասնակցել երկրում իշխանության տարածաշրջանային մարմիններին լիազորությունների փոխանցման գործընթացի շարունակման շուրջ բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բրիտանական կառավարության ղեկավարը հայտարարել է՝ ամփոփելով Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեի արդյունքները, որում հաղթանակ են տարել Մեծ Բրիտանիայի միասնության կողմնակիցները:
Նրա խոսքով՝ Շոտլանդիայի ազգայնական կուսակցության առաջնորդ Ալեքս Սալմոնդն ընդունել է իր առաջարկը: «Ես հենց նոր խոսում էի Ալեքս Սալմոնդի հետ՝ նրան շնորհավորելով լարված արշավի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ ՇԱԿ-ը կմիանա իշխանության հետագա փոխանցման շուրջ բանակցություններին»,- նշել է Քեմերոնը:
Վարչապետը նաև հայտարարել է, որ Շոտլանդիայի իշխանությունների լիազորությունների ընդլայնման մասին որոշումը պետք է ընդունի բրիտանական խորհրդարանի նոր կազմը, որը կձևավորվի 2015 թվականի ընտրությունների արդյունքներով: Բացի այդ, վարչապետը խոստացել է ավելի լայն լիազորություններ տրամադրել Շոտլանդիային, ինչպես նաև Ուելսին, Անգլիային և Հյուսիսային Իռլանդիային: Նա նշել է, որ իր կառավարությունը կկատարի հարկերի, բյուջետային ծախսերի և սոցիալական ապահովության ոլորտում Շոտլանդիայի խորհրդարանին նոր լիազորություններ փոխանցելու իր կառավարության պարտավորությունները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: