Դավութօղլուն Բաքվում կրկնել է Ղարաբաղի մասին իր հին երգերը
ՏարածաշրջանՊաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կրկնել ԼՂ խնդրի կարգավորման հարցում թուրքական թեզի մասին իր հին երգերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Դավութօղլուն ասել է. «Որպես Թուրքիայի վարչապետ մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ մինչև Ադրբեջանի հողերի վերջին մեկ սանտիմետրը չազատվի, Թուրքիան գտնվելու է Ադրբեջանի պայքարի կողքին»: Նա ցավակցություն հայտնել օգոստոսի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան սահմանային բախումներում մեծ թվով ադրբեջանցի զինվորների զոհվելու առնչությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի համատեղ ասուլիսում Դավութօղլուն վստահեցրել է իր վարչապետության շրջանում Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, «Թուրքիային ծառայել՝ նշանակում է ծառայել Ադրբեջանին», «Ադրբեջանը սեր է, հայրենիք է», «Բաքուն Անկարա է» և 20 տարի շարունակ այլ չարչրկված լոզունգների շարունակական լինելը:
Հետաքրքիր է, որ «սեր և հավատարմություն» խոստովանելով Ադրբեջանին' Դավութօղլուն Բաքվում չի խոսել հայ-թուրքական հարաբերությունները ևս Ղարաբաղի գործոնով պայմանավորելու մասին, ինչպես դա արել է մինչ այժմ:
Դավութօղլուի՝ Բաքու այցին ուղեկցել են փոխվարչապետ Յալչըն Աքդողանը, կրթության նախարար Նաբի Ավջըն և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: