NASA-ն Արկտիկայում սառույցների մակերեսի նոր կրճատում է արձանագրել
ԱշխարհԱրկտիկական սառույցների մակերեսն այս տարի կրճատվել է մինչև 5,02 մլն քառակուսի կիլոմետր՝ ամենացածր ցուցանիշներից մեկն արձանագրելով տիեզերական ապարատների օգնությամբ այդ տարածաշրջանների գիտական դիտարկումների ողջ 36-ամյա պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են NASA-ն և Կոլորադոյի նահանգի համալսարանին առընթեր սառույցների և ձյան վերաբերյալ տվյալների ազգային կենտրոնը:
Օգտագործելով տիեզերքից ստացված նկարահանումները՝ ամերիկացի մասնագետները հաշվել են, որ սեպտեմբերի 17-ի դրությամբ Արկտիկայում սառույցների մակերեսը փոքր-ինչ կրճատվել է 2013 թվականի համեմատությամբ: Սակայն այն, ինչպես և անցյալ տարի, շատ ավելի փոքր է 6,22 մլն քառակուսի կիլոմետր միջին ցուցանիշից, որը գրանցվել է 1981-2010 թվականներին:
Գիտնականներն այն կարծիքին են, որ Արկտիկան տասնամյակի ընթացքում կորցնում է իր սառույցի մինչև 13 տոկոսը: Այդ միտման գլխավոր պատճառը գլոբալ տաքացումն է, որը, բազմաթիվ մասնագետների կարծիքով, պայմանավորված է «ջերմոցային էֆեկտով»՝ մթնոլորտ ածխաթթվային գազի արտանետման հետևանքներով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: