Սերգեյ Սմբատյանն ու Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը համերգ նվիրեցին ՀՀ Անկախությանը
Գիտություն և ՄշակույթՀՀ Անկախության օրը նշեցին նաև Բեռլինում: Սեպտեմբերի 21-ին բեռլինյան համերգասրահում Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Հայաստանի Անկախության օրը գերմանական համերգասրահում թևածեց խաչատրյանական երաժշտությունը։ Գերմանիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից:
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ գերմանական կողմից հրավեր ստացել էր հենց սեպտեմբերի 21-ին համերգ ղեկավարելու համար: Երեկոն նվիրված էր Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ անկախության տարեդարձին և հայկական մշակույթին: Բեռլինի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց հայկական երաժշտությունը: Ընդ որում, համերգի տեսագրությունը հոկտեմբերի վերջին կհեռարձակվի ամբողջ Գերմանիայում։
Սերգեյ Սմբատյանը կարևորեց, որ Բեռլինում, որտեղ հայկական մշակույթի ներկայության որոշակի պակաս կա, մեր երաժշտությունը ներկայացվեց Գերմանիայի լավագույն նվագախմբերից մեկի միջոցով:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին