Գալուստ Սահակյանը` Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին
Հայկական ՄամուլԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրեն Խաչատրյանի վերանշանակումը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով, որպեսզի նոր Սահմանադրությունը «հին և բարի» մեթոդներով, նաև շնորհիվ Լիսկայի ապահով ընդունվի, իսկ նման կադրեր ՀՀԿ-ում քիչ կան. «ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ կադրերի պակաս չունի և շատ մեծ բանակ ունի կադրերի»:
Ներկայացնում ենք հատված` Գալուստ Սահակյանի հետ «Հրապարակ»-ի հարցազրույցից:
- Պարոն Սահակյան, ինչպե՞ս կգնահատեք Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը մարզպետի պաշտոնում:
- Գիտեք ինչ, կարծիքները ցանկացած անձի վերաբերյալ շատ տարբեր կլինեն, ասում են՝ հանցագործություններ է կատարում, աղմկոտ գործերի մեջ է, ըստ էության, և պաշտոնական շրջանակներում, և լրագրողական, և քաղաքացիների, գոյություն ունի անմեղության կանխավարկածը: Դրա համար կան համապատասխան լիազոր մարմիններ, որոնք ասում են՝ այդպիսի բան չկա: Հիմա բնական է, որևէ մեկը եթե գնում է պաշտոնի, այնպես չէ, որ զերծ մնա քննադատություններից:
- Ինչո՞վ է անփոխարինելի Սուրիկ Խաչատրյանը ձեզ համար, անընդհատ և պարբերաբար մամուլում աղմկահարույց հրապարակումներ են հայտնվում նրա և մերձավորների անվան հետ կապված, կա հասարակական ընդգծված բացասական կարծիք:
- Անփոխարինելի որևէ մարդ գոյություն չունի, մանավանդ պետական պաշտոններում և ծառայություններում: Իսկ ես ինձ իրավունք չեմ վերապահի, որ ասեմ հասարակական կարծիքը, որովհետև հասարակության մեջ ոչ հանրաքվե եմ անցկացրել, ոչ էլ: Կան տարբեր կարծիքներ, կան դրական և պասիվ կարծիքներ, կան խիստ բացասական կարծիքներ, այնպես չի, որ հարթ է ամեն ինչը, և դա կարելի է վերագրել ինձնից սկսած՝ վերջացրած ցանկացած չինովնիկի: Համենայնդեպս, դատաիրավական համակարգը երբևէ այդ կարծիքների ամբողջությամբ չի առաջնորդվել, քանի որ գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն անմեղ է:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում: