Հայաստանը շնորհակալ է Հունաստանին՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար. Սերժ Սարգսյան
Արտաքին ՔաղաքականԱյսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը:
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նշել, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հունաստան և վստահ է, որ բարձրաստիճան փոխայցելությունները քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում միջպետական հարաբերություններն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն են: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ-հունական բարեկամությունը խորը ու կենսունակ արմատներ ունի և վստահություն է հայտնել, որ Նախագահ Պապուլիասի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ առավել ամրապնդելով այդ բարեկամությունը:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հունաստանի իշխանություններին և ժողովրդին՝ ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար՝ ընդգծելով, որ Հունաստանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ժխտողականության քրեականացումը Հունաստանի հաստատուն քաղաքական գծի շարունակությունն է: