ԱՄՆ Իլինոյս նահանգի կոնգրեսի թեկնածուն Թուրքիային կոչ է արել «անհապաղ հետ վերադարձնել» հայերից բռնագրաված եկեղեցական գույքը
Արտաքին ՔաղաքականԱՄՆ Իլինոյսի նահանգի կոնգրեսի առաջիկա ընտրություններում Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սատարում է ամերիկահայերին հուզող խնդիրների երկարամյա ջատագով Ռոբերտ Դոլդի թեկնածությունը: «Պարոն Դոլդը երկար տարիներ եղել է ամերիկահայերի համար կարևորություն ունեցող խնդիրների հզոր պաշտպանը և ապացուցել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության բարեխիղճ խաչակիր և արդարության ջատագով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Իլինոյս նահանգի Հայ դատի հանձնախմբի նախագահ Մայք Դեմիրճյանը: Իսկ նույն նահանգի բնակիչ, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն իր ակնկալիքները հայտնեց, որ տեղի հայ համայնքը տեղեկացված և Դոլդի կողմ հակված որոշում կկայացնի ընտրությունների օրը:
Հայ դատի հանձնախմբի հարցումների ժամանակ կոնգրեսի թեկնածուն նշել է, որ աջակցում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման , Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հայ և քրիստոնյա այլ համայնքներին ԱՄՆ-ի կողմից օգնության ցուցաբերմանը:
«Թուրքիան պետք է առանց վերապահության ճանաչի այս ահավոր չափերի հասնող հանցագործությունը և լիովին փոխհատուցի»,- ասել է նա: Դոլդը նաև Թուրքիային կոչ է արել «անհապաղ ետ վերադարձնել» հայերից, հույներից և ասորիներից բռնագրավված կրոնական գույքը: