Թողնելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ Ռասմուսենը խորհրդատվական ընկերություն է բացել
ԱշխարհՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Կոպենհագենում բացել է Rasmussen Global խորհրդատվական ընկերությունը և մտադիր է ռազմավարական խորհրդատվություններ տրամադրել կառավարություններին, համաշխարհային կազմակերպություններին և խոշոր կորպորացիաներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ընկերության կողմից լրագրողներին ուղարկված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 1-ին դաշինքի ղեկավարի պաշտոնում Ռասմուսենին փոխարինել է Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Ստոլտենբերգը: Նույն օրը նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է իր նոր ծրագրի մասին:
«Ես անհամբերությամբ եմ սպասում այնպիսի հարցերի վրա աշխատանքը շարունակելու հնարավորությանը, ինչպիսիք են միջազգային համագործակցությունը, անդրատլանտյան հարաբերությունները, Եվրամիությունը և գլոբալացումը: Rasmussen Global-ն աշխարհի ղեկավարներին կօգնի առաջ տանելու նորաստեղծությունները, առևտուրը և գործարարությունը՝ նոր և բազմակողմանի մարտահրավերների դեմ-հանդիման»,- հայտարարել է Ռասմուսմենը, որի խոսքը մեջբերված է կոմյունիկեում:
Բացի դրանից, Ռասմուսենը մտադիր է գիրք հրատարակել XXI դարի ռազմավարական մարտահրավերների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: