ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա. Ուսուպաշվիլի
ՏնտեսությունՀայաստանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարները՝ Գալուստ Սահակյանը և Դավիթ Ուսուպաշվիլին, հավաստել են համագործակցությունը շարունակելու և միմյանց շահերը պաշտպանելու երկու երկրների մտադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիային»: «Մենք մեկ անգամ ևս հավաստեցինք, որ, չնայած այն բանին, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շնորհիվ եվրաինտեգրացման ուղին է բռնել, իսկ Հայաստանը, ելնելով իր ռազմավարական շահերից, պատրաստվում է անդամակցել Եվրասիական միությանը, մեր երկրների միջև հարաբերություններում ոչ մի վատ փոփոխություն չի լինի: Ընդհակառակը, մենք պայմանավորվել ենք պաշտպանել միմյանց շահերն այդ միավորումներում»,- հայտարարել է Ուսուպաշվիլին հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո:
Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարները: Նշվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետք է ավելի շատ տրանսպորտային հանգույցներ լինեն:
Ինչպես նշում է «Չուրզիա Online»-ը, նույն օրը Գալուստ Սահակյանը համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ կայացած հանդիպմանը խնդրել է նրան հոգ տանել Վրաստանում գտնվող հայկական մշակույթի հուշարձանների մասին, որոնք վերականգնում ու խնամք են պահանջում: Մասնավորապես, նա նշել է Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Նորաշեն տաճարները:
Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի խոսնակը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: