Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Արցախում դպրոց կբացվի
ՍփյուռքԱվանդույթի համաձայն՝ հոկտեմբերի 14-ից Երևանում կմեկնարկի Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, միության օրերի կարևորագույն միջոցառումն Արցախում միջնակարգ դպրոցի բացումն է: «Դպրոցը նախատեսված է 650 հոգու համար: Շենքի կառուցման համար տրամադրվել է 4 մլն ԱՄՆ դոլար»,- հոկտեմբերի 13-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունն ու համաշխարհային հայկական կոնգրեսն արդեն 15 տարի անցկացնում են միջոցառումներ, բարեգործական նախաձեռնություններ:
«Հայաստանի և Արցախի ավելի քան 700 դպրոցներում, համալսարաններում անցկացվում են մրցութային ծրագրեր: Երրորդ անգամ կկազմակերպվի ռուսաց լեզվի և երգի մրցույթը, որն անցկացնում է 1400 դպրոցներում: Մեր ծրագրերը բազմաթիվ են նաև 2015թ.: Հաջորդ տարի ցեղասպանության 100-րդ տարելիցին Մոսկվայում և ՌԴ բազմաթիվ երկրներում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ»,- ասաց Արա Աբրահամյանը: Միությունը ձեռնարկել է նաև կույրերի միավորման շենքի վերանորոգումը: Աշխատանքներն, ըստ Արա Աբրահամյանի, կավարտվեն հաջորդ տարի, և շենքը նոր տեսքով ու հարմարություններով կհանձնվի քաղաքացիներին: Արա Աբրահամյանը շեշտեց, որ ընթացքի մեջ են նաև Երևանում կառուցվելիք ռուս ուղղափառ Սուրբ խաչ եկեղեցու շինարարական աշխատանքները, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարի հոկտեմբերին' Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի օրերի շրջանակում: