Ահաբեկչության սպառնալիքը մեծ է՝ ինչպես երբեք. Եվրոպոլ
ԱշխարհԵվրոպոլի ղեկավար Ռոբ Ուենրայթը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Եվրոպան բախվել է վերջին տասը տարվա ընթացքում ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ուենրայթի խոսքով՝ ԵՄ-ի ոստիկանական և հատուկ ծառայությունները զգուշանում են ջիհադիստական քարոզչության ազդեցության տակ հայտնված երիտասարդների հայացքների արմատականացումից:
Ռոբ Ուենրայթը կոչ է արել թույլ չտալ համացանցի՝ ներառյալ սոցիալական ցանցերի, միջոցով երիտասարդների հավաքագրումը ջիհադիստական խմբավորումներում:
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն արդեն քանիցս տեսահոլովակներ են զետեղել համաշխարհային ցանցում, որոնց թվում եղել են, մասնավորապես, ԻՊ-ի ծայրահեղականների կողմից բռնված ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների քաղաքացիների ցուցադրական սպանությունների նկարահանումներ: