ԱՄՆ-ն խաղադրույք է կատարում Ադրբեջանի երիտասարդության վրա. «Նեզավիսիմայա Գազետա»
Համաշխարհային ՄամուլԱյսօր եռօրյա աշխատանքային այցով Բաքվում կլինի ԱՄՆ պետքարտուղարության՝ երիտասարդության հարցերով հատուկ քարտուղար Էնդրյու Ռեյբենսը: Այս մասին գրել է «Նեզավիսիմայա Գազետա»-ն:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է, որ երիտասարդական քաղաքականության հարցերով մասնագետի այցի նպատակը երիտասարդության հարցերով համաժողովին մասնակցելն է, որը կազմակերպել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Բաքվում, սակայն, կարծում են, որ ԱՄՆ-ի արտաքին հարցերի գերատեսչությանը հետաքրքրում են Բաքվի համաժողովի ոչ միայն գիտական կողմերը:
Ադրբեջան հանձնակատար ուղարկելով՝ Վաշինգտոնը մտադրվել է պարզել երկրում երիտասարդության իրական վիճակը: Եվ դա պատահական չէ: Վերջին տարիներին ԱՄՆ-ն փոխել է իր քաղաքականությունը՝ Ադրբեջանում ընդդիմադիր շարժման աջակցությանն ուղղված:
«Կորցնելով հավատն ավանդական կուսակցությունների հանդեպ՝ ԱՄՆ-ն խաղադրույք է կատարում երիտասարդության վրա: Բավական է հիշել NIDA կազմակերպության պատմությունը, որի վրա Վաշինգտոնը միլիոնավոր դոլարներ էր ծախսել»,- գրում է պարբերականի ադրբեջանցի հոդվածագիրը: