Բուրջանաձեն հավանական է համարում, որ Ալասանիան կոալիցիա կկազմի Սաակաշվիլիի հետ
Վրաստան«Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն չի բացառում, որ Իրակլի Ալասանիան և նրա «Մեր Վրաստանը - Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կարող են կոալիցիա կազմել նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» հետ, որը գլխավորում է Միխեիլ Սաակաշվիլին:
«Ընդդիմության մեջ գտնվելու ընթացքում Ալասանիայի կուսակցությունն «Ազգային շարժման» կողքին էր: Եվ ես չեմ բացառում, որ նրանք կոալիցիայի մեջ կհայտնվեն Սաակաշվիլիի կուսակցության հետ»,- հայտարարել է Բուրջանաձեն լրագրողներին: Ընդսմին նա հավելել է, որ Ալասանիայի կուսակցությունը վարել ու վարում է «Միասնական ազգային շարժման» քաղաքականությունը:
Բուրջանաձեն նաև հայտարարել է, թե «ճիշտ» է համարում Իրակլի Ալասանիային պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշումը: «Կարծում եմ, որ վարչապետն Ալասանիային պաշտոնաթող անելուց բացի այլ ելք չուներ»,- նշել է Բուրջանաձեն, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»: