Քերին կարևորել է Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցությունը գլոբալ հարցերում
ԱշխարհԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարևորել է Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցությունը գլոբալ հարցերի լուծման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա նշել Է Բեռլինի պատի անկման 25-ամյակի առթիվ Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար գրված հոդվածում, որը հրապարակել է հրատարակության էլեկտրոնային տարբերակը:
«Վճռորոշ նշանակություն ունի Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների վերականգնումն այն դեպքում, եթե Մոսկվան պատրաստ լինի կատարելու անհրաժեշտ քայլերը,- նշել է Քերին:- Մեզ բոլորիս համար ավելի լավ կլինի, եթե Ռուսաստանը, Եվրոպան, Միացյալ Նահանգները և Կանադան գործեն միասին, որպեսզի դիմագրավեն գլոբալ մարտահրավերները, ներառյալ ծայրահեղականությունը, միջուկային զենքի և վարակիչ հիվանդությունների տարածումը, և օգուտներ ստանալ խաղաղությունից, կայունությունից և տնտեսական համագործակցությունից»:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետքարտուղարի կարծիքով, Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններն «անընդունելի են»: «Կարևոր է, որ Գերմանիան ու ԱՄՆ-ը գործընկերներ լինեն և պաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ընդգծել է Քերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: