«ՁԻԱՀ-ից ազատ սերունդ»՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ
ՀասարակությունՆոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա միջոցառումներին, իրականացնում են հանրային միջոցառումների շարք' «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» խորագրի ներքո: Միջոցառումները տեղի կունենան Երևան քաղաքում:
Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, AIDS healthcare foundation կազմակերպության օժանդակությամբ, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ:
Միջոցառումները նպատակ ունեն խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկությունը մեր հասարակությունում, հատկապես երիտասարդների շրջանում և փոխելու հետազոտման հետ կապված կարծրատիպերը, նաև ամրապնդելու այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
«ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» միջոցառումների շարքի շրջանակներում նախատեսվում է ընձեռել անցորդներին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա- և հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Խորհրդատվությունը կտրամադրվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից շարժական բուժախտորոշիչ կլինիկայում, ինչի շնորհիվ կապահովվի գաղտնիությունը:
Հակառետրովիրուսային բուժման հասանելիության պայմաններում ՄԻԱՎ վարակի հետ կապված մահացությունը Հայաստանում մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերումով, և հետևաբար, բուժումն ուշ սկսելով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը նախքան հիվանդության կլինիկական դրսևորումների ի հայտ գալը: Հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ժամանակին ստանալու բուժում, խնամք, աջակցություն տրամադրող ծառայություններ, նաև նպաստում է ՄԻԱՎ վարակի հետագա տարածման կանխմանը:
Ստորև ներկայացնում ենք «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» միջոցառումների իրականացման վայրը և ժամանակացույցը:
Նոյեմբերի 21 –ին, ժամը 20:00-24:00, Բաղրամյան 1 շենքին հարող տարածք
Նոյեմբերի 22 –ին, ժամը 20:00-24:00, Կորյունի 19ա շենքին հարող տարածք
Նոյեմբերի 23–ին, ժամը 15:00-19:00, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող հրապարակ
Նոյեմբերի 24–ին, ժամը 13:00-17:00, Երևանի պետական համալսարանի տարածք