ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է խոցված ուղղաթիռի մոտ հասնելու անհնարինությամբ
ԱրցախԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է, որ Մինսկի խումբը դեռևս հնարավորություն չի ստացել այցելելու հայկական խոցված ուղղաթիռի անկման վայր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Տորստեն Շտոդիկը կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՝ խնդրին լուծում տալու համար: «Ես ուզում եմ մտահոգություն հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել այցելելու դեպքի վայր: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը, կարծում եմ, բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՝ խնդրին լուծում տալու համար: Դեպքի վայր գնալու համար աշխատանքները շարունակվում են թե հայկական, թե ադրբեջանական կողմի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Շտոդիկն ընդգծեց, որ տեղի ունեցածի վերաբերյալ կարող է ընդամենը հղում կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: