Քերին, Էշթոնը և Զարիֆը երկժամյա հանդիպում են անցկացրել Վիեննայում
ԱշխարհԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը և Եվրամիությունից համակարգող Քեթրին Էշթոնը եռակողմ հանդիպում են անցկացրել Վիեննայում, որը շարունակվել է մոտավորապես երկուսուկես ժամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը:
«Կոնսուլտացիաները տարբեր ձևաչափերով կշարունակվեն նոյեմբերի 21-ին»,- նշել է նա:
Պլանավորվում է, որ Վիեննա կժամանեն նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուսը, Ֆիլիպ Համոնդը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Սկզբում կկայանան իրանական կողմի առանձին հանիպումները նախարարների հետ,- նշել է աղբյուրը:- Այնուհետև կողմերը կբանակցեն Իրան - «վեցյակ» ձևաչափով»:
«Վեցյակը» և Իրանը նպատակ ունեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիր մշակել մինչև նոյեմբերի 24-ը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: