2014 թվականը Երկրի վրա ամենատաքն է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում. գիտնականներ
ԱՐԽԻՎԱմերիկացի գիտնականները շարունակում են ջերմաստիճանային նոր ռեկորդներ արձանագրել Երկրի վրա և նախկինի պես սպասում են, որ այս տարին ամենատաքը կլինի օդերևութաբանական դիտարկումների ողջ 135-ամյա պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԱՄՆ-ի օվկիանոսի և մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչությունը, որը հրապարակել է իր նոր հետազոտության արդյունքները:
Դրանում նշվում է, որ հոկտեմբերին մեր մոլորակում միջին ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 14,74 աստիճանի, ինչն ավելի բարձր է, քան նախկինում երբևէ: Այս տարի արդեն ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել մայիսին, հունիսին, օգոստոսին և սեպտեմբերին: Հունվարը, մարտը, ապրիլը և հուլիսը նույնպես շատ տաք են եղել:
Ամերիկացի կառավարական փորձագետների հաշվարկների համաձայն՝ այս տարվա առաջին տասն ամիսները ամենատաքն են եղել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ ժամանակաշրջանում միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմել է 14,78 աստիճան: ԱՄՆ-ի օվկիանոսի և մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչության աշխատակիցները համոզված են, որ 2014 թվականը կգերազանցի նախորդ բոլոր ռեկորդները: «Միակ հարցն այն է, թե որքան կլինի միջին ջերմաստիճանը»,- ասել է Էշվիլում (Հյուսիային Կարոլինայի նահանգ) գործող Կլիմայական տվյալների ազգային կենտրոնի ղեկավար Դեկե Առնդտը:
Նրա գնահատումների համաձայն՝ անցյալ տարի մոլորակի վրա միջին ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի կազմել է 14,52 աստիճան: Արդյունքում 2013 թվականը ջերմաստիճանային ցուցանիշով չորրորդ տեղն է զբաղեցրել՝ սկսած 1880 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: