Թուրքիային բարեկամ չի մնացել. BBC
Համաշխարհային ՄամուլՆախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր Թուրքիան դեպի մեկուսացում է գնում: Էրդողանն իրականացնում է թուրքերի այն ասացվածքը, թե «թուրքը թուրքից բացի ոչ մի բարեկամ չունի»: Եվ թեև Էրդողանի վարչապետության 11 տարիների ժամանակաշրջանում Թուրքիան Եվրամիությանն անդամակցության բանակցություններ էր անցկացնում, սակայն, վերջին երկու ամիսներին ինչ-որ բան է փոխվել: Այլևս Թուրքիային բարեկամ չի մնացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ն:
BBC-ն գրում է, որ անցյալ ամիս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նոր ժամանակավոր տեղերի համար քվեարկության ժամանակ Թուրքիան վստահ էր, որ կընտրվի, սակայն, պարտվեց Իսպանիային և Նոր Զելանդիային: «Դա ապտակ էր Էրդողանի դեմքին»,- գտնում է BBC-ն:
BBC-ի կարծիքով' այդ ամենն սկսվեց «արաբական գարունից»: Թուրքիան ճիշտ կողմնակիցներ, նպատակներ չընտրեց: Թուրքիան աջակցեց «Մուսուլման եղբայրներին» և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալմանը: Այժմ Թուրքիան Եգիպտոսում դեսպան չունի, քանի որ ներկայիս նախագահ Աբդուլա Ֆաթթահ ալ Սիսիի իշխանության գալու ժամանակ Էրդողանը նրան «չընտրված բռնակալ» էր անվանել:
Թուրքիայի համար Սիրիան էլ խնդրի վերածվեց: Թուրքիան ջիհադականներին թույլ տվեց Սիրիա անցնել իր տարածքով, ինչով Անկարան փչացրեց հարաբերություններն Իրաքի, Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ:
Ժամանակին Թուրքիան Իսրայելի ռազմավարական գործընկերն էր: Իսրայելի կողմից Պաղեստինի ռմբահարումներն Էրդողանը նմանեցրեց Հոլոքոստի և իր դեսպանին հետ կանչեց Թել Ավիվից: Այժմ փչացել են նույնիսկ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիան չմիացավ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մարտիկների դեմ Վաշինգտոնի կողմից ստեղծված կոալիցիային: Թուրքիան նույնիսկ ԱՄՆ-ին թույլ չտվեց օգտվել վերջինիս պատկանող Ինջիռլիկ ռազմաօդային բազայից: Էրդողանն ուզում էր, որ ԱՄՆ-ը նպատակ դներ տապալել Բաշար Ասադին, և թռիչքների համար արգելված գոտի ստեղծվեր Սիրիայում:
Անցյալ ամիս Էրդողանն ԱՄՆ-ի նախագահին հայտնեց, որ չզինի քուրդ աշխարհազորայիններին: Սակայն, դրանից մի քանի ժամ հետո ԱՄՆ-ը քրդերին օդից զենք, զինամթերք մատակարարեց, ինչն այդ երկու երկրների միջև հարաբերությունների փոփոխության բացահայտ ցուցադրություն էր:
«Էրդողանն ասում է, որ «նոր Թուրքիա» է ստեղծել: Ուրիշներն այդ Թուրքիային բևեռացված, դժբախտ Թուրքիա են անվանում: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Թուրքիան արագորեն կորցնում է ե՛ւ ներսի, ե՛ւ դրսի բարեկամներին»,- գրում է BBC-ն: