Թուրքիայի և Իրաքի միջև լարվածությունը նվազում է
ԱշխարհՔրդական նավթի վաճառքի պատճառով Թուրքիայի և Իրաքի միջև հարաբերություններում առկա լարվածությունը սկսել է թուլանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Թարաֆ» թերթը, դրան կարողացել է հասնել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նոյեմբերի 20-ին Բաղդադ կատարած պաշտոնակա ն այցով:
Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
«ԻԼԻՊ-ի հետ պայքարում պատրաստ ենք Իրաքին օգնել հետախուզության հարցում...Իրաքին սպառնացող կառույցները վտանգավոր բնույթ են կրում նաև Թուրքիայի համար», -ասել է նա:
Թերթը ենթադրում է, որ Դավութօղլուի այդ հայտարարությունը, հնարավոր է, պայմանավորված է քրդական նավթի վաճառքի հարցում Բաղդադի նոր վարչապետի հետ համաձայնություն ձեռք բերելով:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Դավութօղլուն այսօր Բաղդադից մեկնել է իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ և այնտեղ հանդիպել քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ:
Դավուօղլուի հետ հանդիպումից հետո համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսում Բարզանին հայտարարել է, որ «150 հազար բարել քրդական նավթի վաճառքի դիմաց Բաղդադը պետք է ամեն ամիս Էրբիլ փոխանցի 500 մլն դոլար»:
Թուրքիայի և Իրաքի միջև լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ շրջանցելով Բաղդադի կառավարությանը, անցյալ տարի մայիսին Թուրքիան ուղիղ կապերի մեջ էր մտել Էրբիլի հետ և նավթի առևտուր սկսել: Բաղդադն անօրինական էր հայտարարել Էրբիլի հետ Անկարայի միջև ձեռռք բերված համաձայնությունը: