Ռուսաստանն Աբխազիայի հետ պաշտպանության ընդհանուր տարածք կստեղծի
ԱշխարհՌԴ-ի նախարարների կաբինետը հավանություն է տվել Աբխազիայի հետ պաշտպանության ընդհանուր տարածքի ստեղծման վերաբերյալ պայմանագրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է կառավարության կայքում զետեղված համապատասխան փաստաթղթում: Պայմանագրի նախագիծը բազային փաստաթուղթ է սոցիալական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերում Ռուսաստանի Դաշության և Աբխազիայի Հանրապետության միջև փուլ առ փուլ ավելի սերտ համագործակցության հաստատման համար՝ Աբխազիայի պետական ինքնիշխանության պահպանմամբ հանդերձ:
«Պայմանագրի զարգացման գործում կներառվեն համագործակցության՝ դրանում թվարկված ուղղություններով առանձին համաձայնագրեր, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծման, կազմակերպված հանցավորության հակազդման հարցերի գծով»,- ասված է նախարարների կաբինետի կայքում:
Փաստաթղթում ճշտվում է, որ պայմանագիրը կնքվում է 10 տարի ժամկետով՝ հետագա հնգամյաներում դրա երկարացման հնարավորությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: