«Օլիգարխը փորձում է սպանել քաղաքական գործընթացը». Սաակաշվիլի
ԱշխարհForbes-ին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է քաղաքական իրադարձությունները Վրաստանում: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը:
Նա անդրադարձել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:
«Վրաստանը յուրահատուկ հնարավորություն ուներ 2012թ.-ին, թեև այդ խումբը, ավելի ճիշտ՝ Իվանիշվիլին, ով իր հետ ինչ-որ խումբ բերեց, իսկապես ուղղված չէր առաջընթացին։ Գրեթե ամբողջ աշխարհում պայքար է ընթանում հետընթացի և առաջընթացի ուժերի միջև։ Դա տեղի է ունենում ոչ միայն Վրաստանում։ Եվ 2012-ին, բնականաբար, Վրաստանում հաղթեց հետընթացի ուժը։ Նրանք բացահայտ եկան հետընթացի կարգախոսներով՝ չթաքցնելով դրանք` սկսած նրանից, որ իրենց դուր չէին գալիս մեր ստեղծած ինստիտուտները, վերջացրած նրանով, որ պատրաստվում էին քանդել շինություններ։ Սակայն գլխավոր խնդիրն այն է, որ երկրում կորել է ոչ միայն տեմպը, այլ՝ տրամադրությունը և այն դրայվը, որն իսկապես կար»,- ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ 8 տարի երկրում եղել է դրական էմիգրացիոն հավասարություն։ Դա նշանակում է, որ ավելի շատ մարդիկ վերադառնում էին, քան հեռանում։
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին ի նկատի ունենալով՝ Սաակաշվիլին ասել է, որ օլիգարխն իսկապես փորձում է սպանել քաղաքական գործընթացը: Նա փորձում է նվազեցնել երկրի արժեքը, այդ պատճառով էլ հիստերիայի մեջ բղավում է, որ երկիրն աղքատ, թշվառ, աննշան գյուղ է։ Պատճառն այն է, որ իր ամբողջ կյանքում նա միայն 2 բան է արել՝ գնել է էժանացած ակտիվներ և ղեկավարել իր ձեռնարկություններն օֆշորներից: