Թուրքիայում առկա խնդիրները կապում են սահմանադրության հետ
ԹուրքիաԽնդիրների մեծ մասը, որոնք ներկայում կան Թուրքիայում, կապված են գործող սահմանադրության հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Kanal17 հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Նա ասել է, որ 2015 թվականին Թուրքիայում նոր Սահմանադրություն կընդունվի, որը պետք է բավարարի ժողովրդի շահերը: Նրա խոսքով՝ նոր սահմանադրությունը կարևոր է թուրք ժողովրդի համար:
Ըստ հեռուստաալիքի՝ Թուրքիայի նոր սահմանադրությունը պետք է ընդունվի 2015 թվականի հունիսի 14-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Ավելի վաղ նոր սահմանադրություն ընդունելու մասին հայտարարել էր այդ երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: «Չնայած գործող սահմանադրության մեջ արված 100-ից ավելի փոփոխություններին, երկրի կառավարությունը չի կարողացել այն դարձնել ավելի ժողովրդավարական», -ասել է նա:
Թուրքիայում 2014 թվականի օգոստոսի 14-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո այդ երկրի ԱԳՆ նախկին ղեկավար և ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի դեմոկրատացման համար նոր սահմանադրություն է անհրաժեշտ ընդունել: Նրա խոսքով՝ նոր կառավարության նպատակը պետք է լինի ժողովրդավարական սահմանադրության պատրաստումը: