Հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին Կարեն Ճշմարիտյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը
Արտաքին ՔաղաքականՖրանսիայում ՀՀ դեսպանատան, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի և Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո նոյեմբերի 24-ին անցկացվել է «Հայաստան՝ մուտք դեպի Եվրասիական տնտեսական շուկա. Հայաստանի առավելությունները և հնարավորությունները» խորագրով հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը: Համաժողովի հիմնական նպատակն է եղել բացահայտել հայ-ֆրանսիական առևտրային հարաբերությունների նոր հնարավորությունները, նպաստել Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հետագա զարգացմանը: Համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իր ելույթում էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Հայաստանում ներդրումներ կատարելու արտոնությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող ֆրանսիացի գործարարների համար առկա հնարավորությունները:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել են մի շարք «կլոր սեղաններ» տարբեր թեմաներով. տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործություն, գյուղատնտեսություն, ոսկեգործություն: Միջոցառմանը ներկա են եղել մի շարք քաղաքական գործիչներ, հայ և ֆրանսիացի գործարարներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական և ֆրանսիական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: