«Առանց Թբիլիսիի հնարավոր չէ վերականգնել աբխազական երկաթուղին». ԱԳ նախարար
ԱշխարհՎրաստանի տրանսպորտային և տարանցիկ ներուժի իրացումը երկրի բացառիկ և ինքնիշխան իրավունքն է, ուստի ուրիշ ոչ մեկն իրավունք չունի իրագործել այնպիսի նախագծեր, ինչպիսին Աբխազիայի տարածքով ձգվող Ռուսաստան-Վրաստան երկաթուղին է: Այդ մասին նոյեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ նախօրյակին Սոչիում կայացած հանդիպմանը Պուտինն ասել է, որ Աբխազիան և Ռուսաստանը ներուժ ունեն Մոսկվա-Սուխում-Թբիլիսի երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար:
«Որոշումը կընդունվի միայն Վրաստանի շահերի հաշվառմամբ, և ոչ ոք չի կարող մեզ թելադրել իր պայմանները»,-նշել է Բերուչաշվիլին: