Եվրամիությունում Ուկրաինայի ապակենտրոնացման կոչ են արել
ԱշխարհՈւկրաինան պետք է ապակենտրոնացված երկիր դառնա Դոնբասի հակամարտության կարգավորման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը՝ ելույթ ունենալով Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (Sciences Po):
Ուկրաինայի արևելքում զինադադարի հաստատումից ի վեր, ինչպես հիշեցրել է վան Ռոմպեյը, զոհվել է շուրջ հազար մարդ, ուստի այդ զինադադարը հրադադարի ռեժիմ համարել անհնարին է: «Հարկավոր է գլոբալ որոշում: Հարկավոր է Ուկրաինայի համար գտնել ապակենտրոնացված (կամ դաշնայնացված) և ինկլյուզիվ դառնալու միջոց»,- հայտարարել է Եվրախորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է որոշել Ուկրաինայի տեղը Եվրոպայում:
Ուկրաինան, ինչպես կարծում է վան Ռոմպյոյը, պետք է մերձենա Եվրոպայի հետ՝ ըստ որում լավ հարաբերություններ հաստատելով Ռուսաստանի հետ, որը «նրա հարևանն է», և որի հետ նա ունի «ընդհանուր պատմություն, մշակույթ և լեզու»: Հարկավոր է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անկախությունը, սակայն անհրաժեշտ է պաշտպանել նաև փոքրամասնությունների իրավունքները, ընդգծել է Եվրախորհրդի ղեկավարը: