Թուրքիան խոստովանել է, որ իր արխիվները փակ են
ԱշխարհԹուրքիան խոստովանել է Հայոց ցեղասպանությանն առնչվող արխիվների մինչ այժմ փակ լինելը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, նման խոստովանություն արել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը: «Անկարան պատրաստ է բացել արխիվները և վերստին ուսումնասիրել 1915 թվականի իրադարձությունները», -հայտարարել է նա:
Նրա խոսքով, դա անհրաժեշտ է անել, քանի որ վերջին շրջանում «հայերն ու հայկական լոբբին ակտիվացրել են իրենց ջանքերը, որպեսզի աշխարհի երկրների խորհրդարանները 1915 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն»:
Թուրքիայի ղեկավարները սկսած 2003 թվականից պարբերաբար հայտարարել են, որ թուրքական բոլոր արխիվներն, իբր, բաց են ուսումնասիրության համար, և որ իրենք, իբր, «չեն վախենում» դրանից: