Կանադայի ութ ֆերմաներում թռչնագրիպի վիրուս է հայտնաբերվել
ԱշխարհԿանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում ութի է հասել այն ֆերմերային տնտեսությունների թիվը, որտեղ հայտնաբերվել է թռչնագրիպի վիրուս: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CBC հեռուստաալիքը: «Կանադայի՝ պարենային տեսչությամբ զբաղվող գործակալության (CFIA) մասնագետները վտանգավոր վիրուսը հայտնաբերել են ևս երեք ֆերմաներում»,- ճշտել է հեռուստաալիքը:
Անցյալ շաբաթ Էբոտսֆորդի և Չիլիվաքի հինգ թռչնաֆերմաներում սահմանվել է կարանտին: Կատարված անալիզները ցույց են տվել թռչնագրիպի H5N2 վիրուսի առկայությունը: Այդ տնտեսություններում ոչնչացվել է 140 հազար թռչուն. դրանք բրոյլերներ են և հնդկահավեր: Ենթադրվում է, որ հիվանդությունը կարող են բերած լինել չվող թռչունները կամ թռչնաֆերմաների աշխատակիցներից ինչ-որ մեկը:
Վերջին տասը տարում սա թռչնագրիպի արդեն չորրորդ բռնկումն է Բրիտանական Կոլումբիայում: Վերջին դեպքն այստեղ արձանագրվել է 2009 թվականին, երբ վտանգավոր վիրուսը 60 հազար հնդկահավ էր սպանել մի քանի տնտեսություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: