Ճապոնիայի վարչապետը ընտրություններում հաղթելուց հետո չի փոխելու կառավարության կազմը
ԱշխարհԿիրակի օրը տեղի ունեցած ընդհանուր ընտրություններում տարած վստահ հաղթանակից հետո վարչապետ Սինձո Աբեն մտադիր է պահպանել իր կաբինետի կազմը՝ վերանշանակելով առկա բոլոր նախարարներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության աղբյուրներին:
Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի խորհրդարանի հանգուցային ստորին պալատի նորընտիր կազմը վարչապետին ընտրելու համար այս ամիս կհանդիպի արտահերթ նիստում: Դիտորդները կասկած չունեն, որ վարչապետ մեկ անգամ ևս կդառնա Աբեն: Դրանից հետո, ինչպես և սպասվում էր, դեկտեմբերի 24-ին նա կհայտարարի իր կաբինետի նոր կազմի մասին:
Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և կառավարող կոալիցիայի գծով նրա կրտսեր դաշնակիցը՝ «Նոր Կոմեյտո» կուսակցությունը, 325 տեղ են ստացել խորհրդարանի 475-տեղանոց ստորին պալատում, որը վճռորոշ դեր ունի վարչապետի ընտրություններում ու պետական բյուջեի հաստատման հարցում: Մանդատների ավելի քան երկու երրորդն ստանալը Աբեին հնարավորություն է տալիս վստահորեն իրականացնել տնտեսական բարեփոխումների իր քաղաքականությունը, որը ներառում է հարկերի բարձրացումը 2017 թվականին: