Ճապոնիայում երկու մարդ է զոհվել ձյան տեղումների պատճառով
ԱշխարհՃապոնիայում շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով դեկտեմբերի 17-ին երկու մարդ է զոհվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո լրատվական գործակալությանը:
Տարերքի առավել հուժկու հարվածը բաժին է ընկել Հոկայդո հյուսիսային կղզուն, որտեղ այժմ չեղյալ է հայտարարված ավելի քան 320 ավիաչվերթ, դադարեցված է 300-ից ավելի գնացքների երթևեկությունը: Բացի դրանից, տեղական իշխանությունները չեղյալ են հայտարարել 1,1 հազար դպրոցների պարապմունքները:
Առատ տեղումները և քամու պոռթկումները, որոնք հասնում են վայրկյանում 35-40 մետրի, հանգեցրել են էլեկտրահաղորդման գծերի կտրվելուն: Փրկարար ծառայություններին հաջողվել է մասնակիորեն վերականգնել վնասված հաղորդակցուղիները, սակայն շարունակում է առանց լույսի մնալ 2,8 հազար տուն:
Ձյան տեղումները նաև «Սինկանսեն» արագընթաց գնացքների երթևեկության ուշացումների են հանգեցրել Հոկայդո կղզու հյուսիս-արևելքում, որտեղ ձյան ծածկույթի բարձրությունը Ճապոնական ծովի ափի պրեֆեկտուրաներում հասնում է 70-80 սանտիմետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: