ԿԺԴՀ-ն կսահմանափակվի «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերայի բանավոր դատապարտմամբ
ԱշխարհԿԺԴՀ-ն կսահմանափակվի «Հարցազրույց» ֆիլմի՝ ԱՄՆ-ի կինոթատրոնների էկրաններ բարձրանալու բանավոր դատապարտմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ում հյուսիսկորեացի դիվանագետ Կիմ Յոն Սոնը:
Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձի մասին գեղարվեստական կինոժապավենի պրեմիերային «ֆիզիկական պատասխան» չի հետևի: Ինչպես հաղորդել է Associated Press գործակալությունը, Կիմ Յոն Սոնը ֆիլմը համարել է «աններելի ծաղրանք» երկրի ինքնիշխանության և նրա գերագույն առաջնորդի նկատմամբ:
Դեկտեմբերի 25-ին «Հարցազրույցը» դուրս կգա սահմանափակ վարձույթ. այն կցուցադրեն ԱՄՆ-ի շուրջ 300 կինոթատրոններ: Բացի դրանից, արդեն այժմ այն կարելի է դիտել մի շարք ինտերնետ-ծառայությունների, այդ թվում՝ YouTube Movies-ի, Microsoft's Xbox Video-ի և Google Play-ի միջոցով: ԱՄՆ-ում ֆիլմի առցանց դիտման արժեքը կազմում է շուրջ 6 դոլար:
Կինոժապավենի սյուժեի համաձայն՝ երկու ամերիկացի լրագրող, որոնց դերերը կատարում են հայտնի դերասաններ Ջեյմս Ֆրանկոն և Սեթ Ռոգենը, ուղևորվում են ԿԺԴՀ, որպեսզի հարցազրույց վերցնեն Կիմ Չեն Ընից: Սակայն մեկնելուց առաջ հերոսներին հավաքագրում է Կենտրոնական հետախուզական վարչությունը, որը նրանց հանգուցային դեր է հատկացնում հյուսիսային Կորեայի առաջնորդի դեմ պատրաստվող մահափորձի գործում:
ԱՄՆ-ի խոշորագույն կինոթատրոնների ցանցերը՝ Regal Cinemas-ը, Cinemark-ը, AMC-ը, Carmike Cinemas-ը և Cineplex-ը, հրաժարվել են սկանդալային ֆիլմը դնել ցուցադրացուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: