Օբամայի ավագ խոհարարը լքեց Սպիտակ տան աշխատակիցների հաստիքակազմը
ԱշխարհԲարաք Օբամայի ավագ խոհարարը՝ ԱՄՆ-ի առաջին ընտանիքի մերձավոր բարեկամ Սեմ Քեսը, հեռացել է Սպիտակ տան աշխատակիցների հաստիքակազմից՝ գրեթե վեց տարի այնտեղ աշխատելուց հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Քեսի հեռանալը, որը նաև զբաղեցնում էր ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի ավագ խորհրդականի պաշտոնը և մասնակցում էր Միացյալ Նահանգների տարրական և միջնակարգ կրթության համակարգում առողջ սննդի կազմակերպման հանձնարարականների մշակմանը, անակնկալ չէր:
Այն մասին, որ դա տեղի կունենա, Սպիտակ տունը հայտարարել էր տակավին ընթացիկ ամսվա սկզբին: Քեսի որոշումը բացատրվում է ընտանեկան հանգամանքներով. նա ամռանն ամուսնացել է և այժմ տեղափոխվում է կնոջ՝ MSNBC ալիքի հեռուստահաղորդավարուհի 36-ամյա Ալեքս Ուեգների մոտ՝ Նյու Յորք:
Քեսը, որը 34 տարեկան է, պատրաստվում է շարունակել մասնակցությունը մանկական ճարպակալման դեմ պայքարի նախաձեռնության իրագործմանը, որն առաջադրել է առաջին տիկին Միշել Օբաման: Առայժմ պարզ չէ, թե նա այսուհետև էլ կօգնի արդյոք պատրաստելու հանձնարարականներ, թե ինչպես է ավելի լավ կերակրել ամերիկացի դպրոցականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: