«Արցախցի պաշտոնյաները կտրուկ հերքեցին մաքսակետերի տեղակայման վերաբերյալ ենթադրությունները»
ԲլոգոսֆերաԱրման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի ԵՏՄ անդամության հետ կապված հանրության կողմից արտահայտած առաջին հիմնական մտահոգությունը կապված էր ՀՀ և ԼՂՀ սահմաններին մասքսակետեր տեղակայելու հավանական հեռանկարի հետ: Արցախցի պաշտոնյաները կտրուկ հերքեցին մաքսակետերի տեղակայման վերաբերյալ ենթադրությունները, դրանով հավաստելով, որ Հայաստանն ու Արցախը կշարունակեն կազմել մեկ ընդհանուր տնտեսական տարածք: Այդուհանդերձ կան տնտեսական ներազդման նաև այնպիսի միջոցներ, որոնց կիրառումը սահմանային արգելափակոցների առկայության կամ բացակայության միջոցով չէ, որ կառավարվում է:
Եթե ԵՏՄ անդամ պետությունները որոշեն ստեղծել ընդհանուր տարադրամ, ապա ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանն հատուկ դիվանագիտական նոտայով այլ անդամ-պետություններին տեղեկացրել է, որ Արցախը Հայաստանի մաս չի կազմում, ապա հասկանալի է, որ ՀՀ-ի կողմից Արցախին ամենամյա վարկի տրամադրումը կարող է և կասեցվել: Իսկ այդ վարկը ներկայումս կազմում է ԼՂՀ պետական բյուջեյի 60-70 տոկոսը: Չի բացառվում, որ այդ համատեքստում նաև փորձեր կձեռնարկվեն Արցախին պարտադրել անցումը ադրբեջանական մանաթին՝ ներկայիս խառնակ ժամանակներում ամեն բան սպասելի է:
Բոլոր դեպքերում պետք է պատրաստ լինել նրան, որ անհրաժեշտության դեպքում Արցախը գործարկի սեփական արժույթը՝ դրա համար օրենսդրական հիմքերը հաջողվել է ստեղծել դեռևս տասը տարի առաջ, երբ ընդունվեց ԼՂՀ ազգային արժույթի մասին օրենքը և թողարկվեց արցախյան դրամի առաջին փոքրիկ խմբաքանակը (փաստորեն այս տարի պետք է նշվեր ԼՂՀ ազգային տարադրամի առաջին թողարկման տասնամյակը):
Թեև թողարկման պահին այդ դրամը նախատեսված չէր շրջանառության մեջ մտցնելու համար և լուծում էր ճանաչողական բնույթի խնդիրներ, սակայն այդպիսով արվեց այն առաջին քայլը, որն այսօր կարող է ցանկացած պահի ստանալ իր տրամաբանական շարունակությունը»: