Թուրքական դատարանը Facebook-ը և Twitter-ը փակելու որոշում է ընդունել
ԹուրքիաԹուրքական դատարանը համացանցում Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) գաղտնի փաստաթղթեր տարածվելու պատճառով թուրքական դատարանը որոշել է փակել մի շարք կայքեր, այդ թվում' Facebook և Twitter սոցիալական կայքերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, դատարանի որոշումը տարածվելու է այն կայքերի վրա, որոնք չեն հեռացնի MIT-ի գաղտնի փաստաթղթերը:
2014 թվականի հունվարի սկզբին թուրքական ժանդարմերիան Ադանայում կանգնեցրել էր Սիրիա զենք տեղափոխող մի քանի բեռնատարներ: Պարզվել էր, որ բեռնատարները պատկանում են MIT-ին: Բեռնատարներին ուղեկցել են MIT-ի աշխատակիցները, որոնց թուրք ժանդարմները պառկեցրել են գետնին և խուզարկել:
Թուրքիայի ղեկավարությունն ամեն կերպ ցանկանում է կոծկել այդ խայտառակ միջադեպը, քանի որ դրանով մեկ անգամ ևս փաստվում է, որ Անկարան ոչ միայն թիկունքային աջակցություն է կատարում Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկիչներին, այլև զենք է մատակարարում նրանց: