Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան. հերքվում է ադրբեջանական հերթական սուտը
ՀայաստանՀայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցի գերիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը հերքեց Ադրբեջանի իր պաշտոնակից Ֆիրուդին Սադիգովի ներկայացրած վիճակագրությունը, համաձայն որի' Հայաստանում պահվում է 31 գերի, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ են:
«Ամեն անգամ հայտարարություն անելիս կամ վիճակագրություն ներկայացնելիս՝ նրանց թվերը փոխվում են: 2009թ. թվականին Ադրբեջանը հայտարարում էր, որ Հայաստանում 5000 գերի ունեն, հետո հասկացան, որ աբսուրդ թիվ են հրապարակում, սկսեցին կամաց-կամաց թիվը նվազեցնել: Մի քանի ամիս առաջ հայտարարեցին, որ Հայաստանում ավելի քան 40 գերի կա, հիմա թիվը հասավ 31-ի: Անկեղծ ասած՝ այս ամենն արդեն վերածվում է զավեշտի: Իրենք էլ չեն հասկանում, թե ոնց են աշխատում, ինչ են անում: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն, քաղաքացիական պաշտպանն եր իրենց հերթին վիճակագրություն են ներկայացնում, չգիտես որտեղից փաստաթղթեր ներկայացնում ու ամեն անգամ գերիների տարբեր թվով: Պաշտոնապես ևս մեկ անգամ հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ազգությամբ ադրբեջանցի գերի գոյություն չունի»,- ասաց Կապրիելյանը: