Ադրբեջանի սադրիչ գործողությունները թույլ չեն տալիս ԼՂ հակամարտության հարցում առաջընթաց գրանցել. Նալբանդյան
ԱՐԽԻՎՀայաստանի Հանրապետությունը 2014թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Այս մասին հունվարի 26-ին նախորդ տարվա դիվանագիտական աշխատանքի ամփոփման ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները՝ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, ռազմական հռետորաբանությունը, հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում զգալիորեն ավելացել են, ինչը թույլ չտվեց առաջընթաց գրանցել ոչ միայն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների իրագործման, այլ նաև փոխադարձ վստահության ձեռքբերման հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը:
ԱԳ նախարարը հիշեցրեց, որ 2014թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում հանդիպումներ կազմակերպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, որտեղ ընդգծվեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Սակայն ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռի խոցումը և ուղղաթիռի անկման վայրը շուրջ 10 օր կրակի տակ պահելը զգալի լարվածություն առաջացրեց, ինչն արժանացավ միջազգային հանրության արձագանքին»,- նշեց Նալբանդյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ՀՀ և ԼՂՀ սահմանների անվտանգության ապահովումը:
2014թ. ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ' օգոստոսի 10-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, սեպտեմբերի 4-ին' Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ և հոկտեմբերի 27-ին Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով: Երեք հանդիպումներում շեշտադրվեց ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի խաթարման անթույլատրելիությունը: Օլանդը կոչ արեց կողմերին աշխատել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման ուղղությամբ: