Վրացի մաքսավորները կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել «Նինոծմինդա» անցակետում
ՎրաստանՎրացի մաքսավորները կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:
«Մեր մաքսավորները «Նինոծմինդա» մաքսային անցակետում հայտնաբերել են ավելի քան 6 կիլոգրամ կոկաին, որը փորձում էին երկիր անցկացնել Բուլղարիայի քաղաքացիները: Գործը հանձնված է ներքին գործերի նախարարությանը»,- ասել է Խադուրին:
«Նովոստի Գրուզիա»-ն նշում է, որ սա վերջին ժամանակներս Վրաստանի տարածք խոշոր խմբաքանակի թմրանյութերի ներկրման արդեն երկրորդ փորձն է, որը կասեցվել է վրացի սահմանապահների և մաքսավորների կողմից:
Ավելի վաղ (2014 թվականի հուլիսի 12-ին) վրաց-թուրքական սահմանում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները բեռնատար ավտոմեքենան զննելիս հայտնաբերել են 30-կիլոգրամանոց 93 տակառներ՝ 80-տոկոսանոց հեղուկ հերոինով՝ 93 մլն ԱՄՆ-ի դոլար արժողությամբ: Ըստ վերջին տվյալների՝ մեքենան Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի տարածքով Մոլդովա թմրանյութեր էր տեղափոխում հեղուկ օճառի տեսքով: