Հայկական զինուժն ապացուցել է, որ կայացած կառույց է. Սեյրան Օհանյան
ԱՐԽԻՎՎերջին տարիներին Հայկական զինուժն ապացուցել է, որ կայացած կառույց է, և լարվածության այս փոքր ձևերը չեն կարող ստիպել, որ հայկական կողմը դիմի ՀԱՊԿ-ին: Այս մասին այսօր՝ նախորդ տարվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ հակառակորդի թվային առավելությունը չի ազդում մեզ վրա և որակական առումով և մարտական ոգով մենք ավելի բարձր հիմքերի վրա ենք և մեր առջև դրված խնդիրները կարողանում ենք իրականացնել. «Ինչի՞ համար է հայկական բանակը, որ իր առջև դրված խնդիրներն այս փոքր սրացումների դեպքում չկարողանա կատարել»:
Սեյրան Օհանյանը նշեց նաև, որ գոյություն ունի ՀԱՊԿ-ին դիմելու ընթացակարգ, համաձայն որի՝ սահմանային լարվածության ժամանակ խնդիրները պետք է քննարկվեն կառավարությունում, Ազգային անվտանգության խորհրդում, և քննարկումների արդյունքում Անվտանգության խորհուրդը պետք է որոշում կայացնի՝ դիմե՞լ, թե՞ չդիմել ՀԱՊԿ-ին՝ գործող իրավական նորմերի շրջանակում: