Բանակի կենտրոնական մարզական ակումբի մարզիկները 55 ոսկե մեդալ են նվաճել
ԱՐԽԻՎՀայաստանի Բանակի կենտրոնական մարզական ակումբի համար անցած մարզական տարին լավագույններից էր, իսկ 2015 թվականի համար զինվոր-մարզիկների համար առաջնահերթ կլինի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռազմամարզական միջոցառումներին մասնակցությունը:
«Անցած տարվա ընթացքում Բանակի կենտրոնական մարզական ակումբի մարզիկները տարբեր մրցաշարերում նվաճել են 55 ոսկե, 27 արծաթե և 17 բրոնզե մեդալ: Սակայն, այս մեդալները հիմնականում անհատական մարզաձևերից են: Թիմային մարզաձևերի մրցումներին շատ քիչ ենք մասնակցում, քանի որ թիմ կազմելու համար խնդիրներ ունենք, և թիմ կազմավորելն ավելի դժվար է: Սակայն պետք է նշեմ, որ աշխարհի մակարդակով անցկացված ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեր թիմը գրավեց 3-րդ տեղը: Այդ մրցաշարին մասնակցում էին 137 պետությունների թիմեր: Իսկ ահա ձյուդոյի ԱՊՀ թիմային մրցաշարում Հայաստանն առաջինն էր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ 2015 թվականի հիմնական միջոցառումը անցկացվելու է Ռուսաստանում' նվիրված Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակին: «Այս տարի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված սպարտակիադան կկայանա Ռուսաստանում, որին կմասնակցենք նաև մենք' զինվոր մարզիկներով: Ընդհանուր առմամբ, նրանք կպայքարեն 12 մարզաձևերում, որոնցից երկուսը' ձյուդոն և ըմբշամարտն են, մնացածը' ռազմակիրառական են: Մրցաշարին, նախնական տեղեկատվության համաձայն, ներկա կլինեն նաև մասնակից պետությունների պաշտպանության նախարարները»,- ավելացրեց գնդապետը:
Գրիգորյանը խոսեց նաև ԲԿՄԱ-ում հաղթանակներ տոնած աղջիկների մասին. «Մեր շարքերում ունենք աղջիկներ, ովքեր նույնպես մասնակցում են միջազգային մրցաշարերի: Այս տարի առաջին անգամ, այլ պետությունների շարքում, կմասնակցենք օլիմպիադայի կարգավիճակ ստացած մեծ մրցաշարի: Այն տեղի կունենա Հարավային Կորեայում, լինելու է 24 մարզաձևերի պայքար, ինչպես օրինակ, հեծանվային սպորտ, շախմատ և այլն»,- եզրափակեց նա:
Բանակի կենտրոնական մարզական ակումբը հիմնադրվել է 1991 թվականին: