Բրիտանացիների ամենաչսիրած երկրներն են՝ Ռուսաստանը և Ուկրաինան
ԱշխարհՌուսաստանը և Ուկրաինան գլխավորել են Եվրոպայի այն պետությունների ցանկը, որոնց նկատմամբ բրիտանացիները համակրանք չեն տածում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (Chatham House) և YouGov միջազգային հետազոտական կենտրոնի հետազոտության մեջ, որը հունվարի 30-ին հրապարակվել է Լոնդոնում:
Հետազոտությունն առցանց կատարվել է անցյալ տարվա ամռանը: Դրան մասնակցել է շուրջ 3 հազար մարդ:
Հարցման համաձայն՝ Եվրոպայի երկրների թվում բրիտանացիներն առավել բացասական վերաբերմունքն ունեն Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ. 56 տոկոս «անբարենպաստ» ձայն ունի Ռուսաստանը և 23 տոկոս՝ Ուկրաինան, երրորդ տեղում է Թուրքիան՝ 17 տոկոսով:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն զգալորեն վատացել է 2012 թվականից՝ 26 տոկոսով: Ուկրաինայի նկատմամբ բացասական վերաբերմունքը վերջին երկու տարում չի փոխվել. 2012 թվականին նրան բացասաբար էր վերաբերվում նույնպես բրիտանացիների 23 տոկոսը:
Կղզիների բնակիչներն առավել մեծ համակրանք են տածում Նիդեռլանդների, Շվեդիայի և Նորվեգիայի նկատմամբ: