ԵՄ-ի հետ բոլոր ուղղություններով պետք է իրավապայմանագրային դաշտ ապահովել. Կարեն Բեքարյան
Արտաքին ՔաղաքականԵվրամիության հետ Հայաստանի ինտեգրացիոն ուղղությունն այս տարի նոր թափ կստանա, և հնարավորություններն ու անելիքները պետք է իրականացնել:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանի գնահատմամբ, այս տարի մայիսին Ռիգայում կայանալիք ԵՄ արևելյան գործընկերների գագաթնաժողովը մի շարք հարցերի պատասխան կտա: Ըստ քաղաքագետի՝ կարևոր չէ, թե Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք փաստաթուղթն ինչ անվանում կունենա: «Կարևորն այն է, որ մենք ԵՄ-ի հետ բոլոր ուղղություններով և ոլորտներում իրավապայմանագրային դաշտ ապահովենք, որը որևէ կերպ պակաս չլինի ԱԼԳ մյուս գործընկերներից: Փոքրիկ տարբերություններով պետք է լինի նաև տնտեսական համագործակցության մասին պայմանագիր»,- ասաց Բեքարյանը՝ հավելելով, որ Հայաստանը նախաձեռնողականության հնարավորություն ունի, որը պետք է կիրառի:
Մայիսին Ռիգայում կկայանա ԵՄ արևելյան գործընկերների գագաթնաժողովը: Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման նոր համաձայնագիր կկնքի: Այժմ կողմերը խորհրդատվական քննարկումներ են անցկացնում և հստակեցնում համատեղ ոլորտներն ու ուղղությունները: