ԵՏՄ-ն արտասահմանյան առաջին շնորհանդեսն անցկացրել է Հունաստանում
ԱՐԽԻՎԵվրասիական տնտեսական միությունն անցկացրել է արտասահմանյան առաջին շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այն կայացել է Աթենքում՝ Հունաստանի ԱԳ նախարարության շենքում, Հունա-եվրասիական գործարար խորհրդի շնորհանդեսի հետ միաժամանակ, որին մասնակցել են Հունաստանի կառավարության, դիվանագիտական կորպուսի, ԵՏՄ-ի անդամ երկրների արյդունաբերողների ու ձեռնարկատերերի միությունների և ասոցացիաների, Հունաստանի գործարար կազմակերպությունների ներկայացուցիչների:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միությունը սկսել է գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Հունա-եվրասիական գործարար խորհուրդը հիմնվել է 2014 թվականի դեկտեմբերի սկզբին: Դրա նպատակը գործարար հարաբերությունների զարգացումն է ինչպես ԵՏՄ-ի, այնպես էլ միության երկրներից յուրաքանչյուրի գործարար շրջանների հետ:
«Մեր նպատակը ԵՏՄ-ի հետ համագործակցության դուռ բացելն է այն ժամանակ, երբ Արևմուտքի և Արևելքի հարաբերությունները սրվել են: Դա հսկայական տարածաշրջան է, որը 175,9 մլն բնակիչ ունի և միասնական շուկա է»,- ասել է Հունա-եվրասիական գործարար խորհրդի նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Սպիրոս Կուվելիսը:
Նա նշել է ԵՏՄ-ի անդամ երկրների հետ Հունաստանի «հոյակապ հարաբերությունների» մասին: Կուվելիսի խոսքով՝ ծանրության տնտեսական կենտրոնը տեղափոխվում է արևելք, ԵՏՄ-ի երկրները, Հնդկաստանը և Չինաստանը մեծ դեր են խաղում համաշխարհային տնետսության մեջ և դա հաշվի չառնելը նշանակում է կորցնել շատ կարևոր շուկա:
Հայաստանի արտադրողների և գործարարների միության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը հիշեցրել է, որ Հայաստանը երկար ժամանակ աշխատում էր «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակներում: «Սակայն մենք ընտրեցինք Եվրասիական տնտեսական միությունը՝ հաշվի առնելով օգուտները: Լինելով «Արևելյան գործընկերություն» նախագծի առաջատարը, մենք, այնուամենայնիվ, ընտրություն կատարեցինք հօգուտ ԵՏՄ-ի: Եվ երկու ամսվա ընթացքում արդեն տեսանելի են դրական արդյունքները»,- ասել է Ղազարյանը: Նրա խոսքով՝ դա վերաբերում է ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժին, ապրանքների մաքսային ձևակերպման և դրանց սերտիֆիկացման անհրաժեշտության բացակայությանը:
Ղազարյանն ասել է, որ հայ արտադրողները հնարավորություն են ստացել հավասար իրավունքներով հայտամրցույթների մասնակցել ԵՏՄ-ի մյուս երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: