Եվրոպայի և Պարսից ծոցի երկրները պետք է ավելի շատ գաղթականներ ընդունեն Սիրիայից. ՄԱԿ
ԱշխարհՄԱԿ-ի գաղթականների գործերի գերագույն կոմիսար Անտոնիու Գուտերիշը Եվրոպայի և Պարսից ծոցի երկրներին կոչ է արել ավելի շատ վերաբնակիչների ընդունել Սիրիայից և այդ կերպ նրանց համոզել հրաժարվելու մաքսանենգների ծառայություններից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պաշտոնյայի խոսքով՝ այս տարվա սկզբից ավելի քան 370 սիրիացու են ջրահեղձ եղել՝ փորձելով կտրել-անցնել Միջերկրական ծովը և հասնել Եվրոպա:
«Յուրաքանչյուր 20 մարդու, ում դա հաջողվել է, բաժին է ընկել մեկ խեղդված»,- հայտնել է Գուտերիշը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ Եվրոպայի ափեր ժամանած 220 հազար մարդկանց մեկ երրորդը սիրիացի գաղթականներն են: Գերագույն կոմիսարը նշել է, որ Եվրամիության՝ փախստականների որոնման և փրկության «Տրիտոն» առաքելությունը բավականաչափ արդյունավետ չէ, քանի որ «սահմանափակ մանդատ և պաշարներ ունի»:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Մերձավոր Արևելքում պաշտոնապես գրանցված է 3,8 միլիոն սիրիացի գաղթական: Նա նշել է, որ առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Հորդանանում և Լիբանանում, որոնք համապատասխանաբար 750 հազար և 1,4 միլիոն վերաբնակիչների են ընդունել հարևան երկրից: Գուտերիշն ընդգծել է, որ երկու երկրները լուրջ ֆինանսական օժանդակության կարիք ունեն. ոչ միայն գաղթականներին ընդունող համայնքներին ցույց տրվող նյութական օգնության տեսքով, այլև պետական մակարդակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: