Նեմցովի ընկերուհին հերքել է խանդի հողի վրա սպանության վարկածը
ԱշխարհՔաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հանգուցային վկան՝ Աննա Դուրիցկայան, հայտարարում է, որ ոչ ոք հիմքեր չուներ քաղաքական գործչին սպանելու խանդի հողի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես չեմ կարծում, թե կարող է նման պատճառ լինել»,- մարտի 2-ին ասել է Դուրիցկայան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում: Նա հավելել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ Նեմցովը ոչ մի կարգի սպառնալիքներ չենք ստացել այդ պատճառով:
Դուրիցկայան նշել է, որ չի կարող ներկա լինել Նեմցովի հուղարկավորությանը: «Ես չեմ կարող դուրս գալ: Ամենայն հավանականությամբ ես չեմ գնա»,- հայտարարել է նա:
Աղջկա խոսքով՝ ինքն ընդդիմադիր գործչի հետ ծանոթ է եղել երեք տարի:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նա հայտարարել է, թե ցանկանում է մեկնել Ուկրաինա՝ մոր մոտ, որը հիվանդ է: «Նա շատ ծանր հոգեկան վիճակում է»,- ճշտել է Դուրիցկայան:
Բորիս Նեմցովին գնդակահարել են փետրվարի 27-ին ժամը մոտավորապես 23:00-ն, երբ նա Դուրիցկայայի հետ քայլում էր Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջով: Հետաքննությունը քննարկում է մի քանի վարկած, որոնց թվում են ինչպես քաղաքական, այնպես էլ կենցաղային վարկածներ: