Սիրիայում չափավոր զինված ընդդիմության գոյությունն առասպել է. Բաշար Ասադ
Մերձավոր ԱրևելքՍիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունելի է համարում միայն այն ընդդիմությունը, որը «գործում է ի պաշտպանություն Սիրիայի, ի շահ ժողովրդի և ազդեցություն ունի երկրի ներսում»: Համապատասխան հայտարարությունը նա արել է չորեքշաբթի օրը պորտուգալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՍԱՆԱ գործակալությանը:
«Հակամարտության կարգավորումը պետք է քաղաքական լինի, սակայն երկխոսության մեջ մտնել նրանց հետ, որոնք ազդեցություն չունեն իրավիճակի վրա, կլինեն բանակցություններ հանուն բանակցությունների»,- ասել է Սիրիայի առաջնորդը:
«Մեր առջև ոչ թե մեկ, այլ մի քանի ընդդիմություններ են: Նրանցից մեկը ներկայացնում է սիրիացիներին, իսկ մյուսը՝ որպես արտասահմանյան կոալիցիա, այն երկրներին, որոնք այն ստեղծել են: Սիրիական կառավարությունն ընդհանուր մոտեցումներ ունի որոշ խմբակցությունների հետ, որոնք Մոսկվա էին հրավիրվել: Այդ շփումները երկխոսության ճանապարհ բացեցին, և այն, հնարավոր է, շարունակվի երկար ժամանակ»,- ընդգծել է Սիրիայի նախագահը:
Ասադի խոսքով՝ գլխավորն «արյունահեղությունը դադարեցնելն է, սակայն բաց է մնում այն հարցը, թե ով է ազդում ահաբեկիչների վրա»:
Նախագահի կարծիքով՝ Սիրիայում «չափավոր զինված ընդդիմության» գոյությունն առասպել է: «Զավթված տարածքները վերահսկում են «Իսլամական պետության» և ««Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները, ինչպես նաև նրանց հետ կապված առավել փոքր խմբավորումները»,- ասել է Ասադը:
Ասադը ճիշտ չի համարում այն համոզմունքը, թե սիրիական պետությունն իբր անհետացման շեմին է: